ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Այդ «Խաչիկյանն» ո՞վ է

Այդ «Խաչիկյանն» ո՞վ է
31.03.2017 | 09:26

Նախընտրական «շոուն» բավականին հետաքրքիր երանգներ է ստանում: Զարմանալին, սակայն, այն է, որ անվտանգության բաղադրիչի առումով ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի ձայն-ծպուտը չկա, որևէ մեկը, բացի առաջին նախագահից, մոտ չի գալիս բանավիճային սեղանին, որովհետև Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում բոլոր ուժերը «թզուկներ» են: ԼՏՊ-ի մոտ էլ «ֆենոմենալն» այն է, որ նա խիստ հավատարիմ է իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» բանաձևին, որի պատճառով իշխանությունը թողեց: Սակայն էլ առավել ֆենոմենալ է, որ վերջինս հայտարարում է` Ղարաբաղի հարցով կանգնել և կանգնելու է իր «ատած, չսիրած» Սերժ Սարգսյանի կողքին:


Երկու նախագահների հետաքրքիր, անչափ հետաքրքիր տանդեմ` մի շարք առումներով, սակայն այսօր ժամանակը չէ դրան անդրադառնալու, առաջ գնալով էլ ասենք, որ անվտանգության խնդիրը Սերժ Սարգսյանին դարձնում է այս ընտրությունների գրեթե միակ ֆավորիտը, և, ըստ նրա բարձրաձայնման` այսօր, թե ապագայում, ինքը լինելու է այնտեղ, որտեղ երկրի անվտանգության հարցն է լուծվելու:


Եվ, չնայած մեր քաղաքական ուժերը խելքի ավելցուկով աչքի չեն ընկնում, բայց բնությունից ունեն լավ շոշափուկներ ու արագ հասկացան, որ իրենց կռիվն այլ դաշտում է, դիցուք` տնտեսության, և սկսեցին, թե` ես էդ տնտեսության համար կտա՜մ երեք միլիոն: Մյուսը թե` ես էլ տասնհի՜նգ միլիոն, եթե… հաղթեմ: ՈՒ հենց այստեղ էլ մասամբ պարտվեց, որովհետև հայրենիքը սիրում են միշտ, էլ ավելի, երբ այն թույլ է ու «աճուրդի» տեղ առանձնապես չունի:
Եթե ամենապարզ ու «մարդկային» լեզվով «լյուստրացիայի» ենթարկենք այն, ինչ տեղի է ունենում Սամվել Կարապետյան և վարչապետ Կարեն Կարապետյան, Գագիկ Ծառուկյան և Հովիկ Աբրահամյան տանդեմի միջև, ամենապրիմիտիվ ձևակերպմամբ կարձանագրվի հետևյալը. ֆորբսահայերը, որոնք ունեն ռուսական, ու քանի որ նաև «Ֆորբս» են, մասամբ նաև` միջազգային որոշ շրջանակների աջակցությունը, ասում են տեղական «հայերին». «Այս Խաչիկյանը մենք ենք, տղերք», մենք ենք այսուհետ հայաստանյան տնտեսության մենեջերներն ու «պապաները»:


«Տեղական» հայերը նրանց, իսկ առավել ստույգ` Սերժ Սարգսյանին, ասում են. մենք առավել հզոր ներդրումներ կարող ենք բերել Հայաստան, քան «դրանք», բայց` Էմիրաթներից (որտեղից նաև Սերժ Սարգսյանը պետք է ներդրում «բերի»): Մյուս նրբությունն էլ այն է, որ բերելու են «հաղթելու» դեպքում: Իսկ սա այն դեպքն է, երբ Սերժ Սարգսյանն ասել է` «ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում վարչապետ է լինելու Կարեն Կարապետյանը»։ Ձգենք պաուզան` ասելու, որ «տեղական» հայերը խնդիրը ոչ միայն 2017 թվին են առնչում, այլև 2018: Եվ Ծառուկյանը, որ պետք է «բերի» 15 միլիարդը, որը հինգ անգամ մեծ է, քան Սամվել Կարապետյանի բերելիքը, ասում է նաև` եթե «հաղթենք», մեր վարչապետի թեկնածուն կլինի «ինչ-որ» մեկը: Այդ ինչ-որ մեկը կոնկրետ դեպքում Հովիկ Աբրահամյանն է: Սակայն Ծառուկյանը նաև այլընտրանք է թողնում իր և Սերժ Սարգսյանի «արանքում», որի հետ, ի տարբերություն նախորդ անգամվա, բավականին զգույշ և հավատարիմ է «խաղում»: Ասում է` հնարավոր է և այդ «Խաչիկյանը» ես լինեմ` մի քանի ամսով:


Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, պարոն նախագահ, ֆորբսահայերի ձեռքից գուցե և 2018-ին, հնարավոր է և դժվար լինի անվտանգության բաղադրիչով` «զորքերի հարձակման և կամ հետքաշման հրաման տվող» դառնալ (այստեղ գուցե և Ծառուկյանին կարող են և հուշած լինել ԼՏՊ-ի` իշխանությունը թողնելու պատմությունը), իսկ ինքն ահա` կամավոր, մի քանի ամիս հետո կարող է թողնել վարչապետի պաշտոնը` հաշվի առնելով խնդրի կարևորությունը:
Հետաքրքիր է, չէ՞:
Բայց առավել հետաքրքիր է խնդրի այս կարգի «բալանսավորումը», երբ միայն խաղի «արբիտրը» գիտի` խաղացողներից որին, երբ, ինչքան առաջ բերել ու «հետ քաշել»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ